Շիրակի մարզպետի ունեցվածքի հաշվետվությունը՝ նախքան պաշտոնից հեռանալը

ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի մասին հայտարարագրի վերլուծությունը հրապարակվել է նրա պաշտոնից հեռանալու պահին։

ՔՊ-ի վարչության նիստի որոշմամբ Դավիթ Առուշանյանը հեռացվել է Շիրակի մարզպետի պաշտոնից։

Անշարժ գույք

Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի սկզբին Դավիթ Առուշանյանը ունեցել է երկու բնակարան Երևանում, որոնք ձեռք է բերել 2014 թվականին։ Բացի այդ, նա ունեցել է նաև ավտոկայանատեղի Կենտրոն վարչական շրջանում։

Շիրակի մարզպետի ունեցվածքի մեջ մտնում է նաև Գյումրիում գտնվող բնակարան, որը գնվել է հիփոթեքով։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 52 հազար 400 դոլար։

Ավտոմեքենաներ

Տարեսկզբին Դավիթ Առուշանյանը ունեցել է երկու մեքենա՝ NISSAN և RANGE ROVER մակնիշներով։ 2024 թվականի ընթացքում նա վաճառել է NISSAN մակնիշի մեքենան 3 մլն դրամով։

Ֆինանսական ցուցանիշներ

Նրա բանկային հաշիվների մնացորդները 2023 թվականի համեմատ փոփոխության չեն ենթարկվել և տարեվերջին կազմել են 1,5 մլն դրամ և 500 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար, 18 հազար եվրո, իսկ դրամային փոխարժեքով կանխիկ միջոցները նվազել են 2 մլն դրամով՝ 12 մլն դրամից դառնալով 10 մլն դրամ։

Եկամուտներ

Հաշվետու տարվա ընթացքում Դավիթ Առուշանյանի եկամուտները կազմել են 10 մլն 532 հազար դրամ։ Այս գումարից 10 մլն 300 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է եղել Ազգային ժողովից, իսկ 232 հազար դրամը՝ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Վարկեր

Նրա ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 378 հազար դրամ։ Վարկերի մարմանը Դավիթ Առուշանյանն ուղղել է 13 հազար դոլար։

Հիշեցնենք, որ երեկ՝ առավոտյան, Դավիթ Առուշանյանին կառավարություն են «կանչել», և այժմ նա հանդիպումներ է ունենում կառավարության ղեկավարության հետ։