ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը։ Այս մասին նա նշել է դեկտեմբերի 8-ին Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատվիրակության հետ կայացած հանդիպման ընթացքում։
Նարեկ Բաբայանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։
Որպես խորհրդարանական համագործակցության կարևորագույն տարր՝ Նարեկ Բաբայանը ընդգծել է բարեկամական խմբերի դերը օրենսդիր մարմինների միջև փոխըմբռնման ու փոխվստահության խթանման գործում։
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Էսմաել Սիավաշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ Նա համոզմունք է հայտնել, որ ակտիվ փոխայցելություններն իրենց ուրույն դերակատարումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Էսմաել Սիավաշը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում պարսկերեն լեզվի տարածմանն ու դասավանդմանն ուղղված բարենպաստ պայմաններ ապահովելու համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված ծրագրերին, ինչպես նաև Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Քննարկվել են նաև երկուստեք փոխայցեր կազմակերպելուն վերաբերող հարցերը։
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Շիրակ Թորոսյանը տեղեկացրել է, որ նա ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, և կարևորել է Իրանի Մեջլիսի համապատասխան հանձնաժողովի հետ համագործակցության ակտիվացումը։
Նարեկ Բաբայանը բարձր է գնահատել Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հարգանքը, իսկ Էսմաել Սիավաշն էլ կարևորել է Իրանում հայ համայնքի դերակատարությունը։