ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցրեց, որ կառավարության առաջիկա նախաձեռնությունը չի ուղղված հերթական աշխատավարձային բաղադրիչի ստեղծմանը։
Նրա խոսքով՝ վարձատրության համակարգը բազմակողմանի է և ներառում է ոչ միայն հիմնական աշխատավարձը, այլև պարգևավճարներ։ Սակայն ներկայիս պարգևավճարների համակարգը, որը հաճախ ձևական է, իրական գնահատում չի իրականացնում, քանի որ գնահատականները հաճախ լրացվում են ձևականորեն և չեն ենթարկվում որևէ քննարկման։
Փոխվարչապետը նշեց, որ մարդիկ արդեն սովորել են, որ այն, ինչ կոչվում է «լավ աշխատանքի համար պարգևավճար», իրենց աշխատավարձի անբաժանելի մասն է, որը պարզապես ավելացվում է հիմնական վարձատրությանը։
Այդ պատճառով էլ կառավարությունը ձգտում է խուսափել նման իրավիճակից, երբ նոր առաջարկը, որը քննարկվում է, ընկալվի որպես հերթական աշխատավարձային բաղադրիչ։ Նրա կարծիքով՝ շատ կարևոր է, որ հասկանալի լինի, որ սա աշխատանքի արդյունավետության գնահատման և դրա չափման արդյունքում տրվող խրախուսական հավելավճար է լինելու։